Այսօր՝ 06 հունիսի 2020թ., 00:00

Ո՛չ Պուտինը, ո՛չ Թրամփը ի վիճակի չեն լուծել ադրբեջանա-արցախյան հակամարտությունը


Ստորև ներկայացնում ենք «Առավոտ»-ի ամբողջական հարցազրույցը:

– Պարոն Օհանջանյան, ապրիլյան պատերազմից մեկ տարի անց ի՞նչ վիճակում է առաջնագիծը, ի՞նչ տրամադրություններ են արցախցիների մոտ:

– Ինքնիշխան Արցախի դեմ Ադրբեջանի գլխավորած ագրեսիայից մեկ տարի անց ես կարող եմ արձանագրել հետեւյալը. ակնհայտ են արցախյան բանակի, նրա տեխնիկական արդիականացման, ռազմավարության վերակառուցման, մեթոդաբանության գործունեության ողջ համակարգի պաշտպանության էական դրական փոփոխությունները: Եթե նկատեցիք, ես հատուկ չեմ օգտագործել մեր զինված ուժերի ընդունված դասակարգումը` որպես Արցախի պաշտպանության բանակ, այլ որակել եմ այն որպես արցախյան բանակ: Այստեղ մեծ իմաստ կա, որն իր մեջ ներառում է այն փոփոխությունները, որոնք վերջին տարվա ընթացքում կատարվել են արցախյան բանակում: Այսօր պաշտպանվող բանակից փոխակերպվել ենք մի բանակի, որը կարող է լուծել մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգության հետ կապված ցանկացած խնդիր` Ադրբեջանի տարածքի ցանկացած կետից, եթե մեր հայրենիքի հանդեպ սպառնալիք լինի: Արցախի Հանրապետական կուսակցության համանախագահ, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, ղարաբաղցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը Բոլոր նրանց համար, ովքեր երբեմն խուճապային տրամադրությամբ չեն նկատում դրական փոփոխությունները եւ վախենում են ռազմական նոր գործողություններից, ես՝ որպես մեր բանակի ձեռքբերումներից իրազեկ մարդ, ուզում եմ հավաստիացնել ձեր ընթերցողներին, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը պրակտիկորեն բացառվում է, քանի որ մենք ունենք անհրաժեշտ բոլոր զինանոցները, որոնք ի վիճակի են ագրեսորի մայրաքաղաքը՝ Բաքուն, ամբողջովին ուղարկել այն դատարկությունը, որի վրա կանգնած է այդ երերուն քաղաքը, ու ծածկել այն Կասպից ծովի ջրերով: Այս մասին շատ լավ տեղյակ է Ադրբեջանի ղեկավարությունը, եւ նա չի համարձակվի սկսել այն արկածախնդրությունը, որը ձեռնարկել էր անցած տարի ապրիլին Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իսրայելի աջակցությամբ:

Վերջին ամիսների ընթացքում մեր բանակը բազմիցս ցույց տվեց իր հնարավորությունները Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ի պատասխան: Արցախում համոզված են, որ մեր ժողովրդի դեմ լուրջ ագրեսիայի դեպքում մենք կսկսենք հարձակողական գործողություններ հենց այնտեղ՝ Ադրբեջանում, եւ վերջնականապես կլուծենք Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ուղով: Եթե մեր հակառակորդը չի ցանկանում հարցը լուծել խաղաղ ճանապարհով, ապա մենք պատրաստ ենք հուժկու դաս տալ հարեւան պետությանը եւ միջազգային իրավունքի շրջանակներում քաղաքական ճանապարհով սահմանափակել նրա պահելաձեւը:

Ընդհանուր առմամբ, Արցախում լուրջ փոփոխություններ են կատարվում ոչ միայն շինարարության եւ մեր փառապանծ բանակի զարգացման գործում, այլեւ հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում, որոնք յուրաքանչյուրիցս կյանքում ստեղծված վարքագծի իներցիայի փոփոխության մեջ պահանջում են անհավանական ջանքեր, եւ նորովի կառուցել մեր ժողովրդի ներկան ու ապագան, որի հաջողությունը պետք է ոգեշնչի յուրաքանչյուր հայի: Դրա համար էլ մենք կանգնած չենք մնում տեղում եւ ամեն օր, ամեն րոպե աշխատում ենք մեր ձեռքբերումների կատարելության վրա՝ մեր բանակը վերածելով ամենաժամանակակիցը հետխորհրդային տարածքի վրա, օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ՝ մեծ մասամբ մշակված մեր ռազմական նախագծողների կողմից: Արցախի սահմանը պետք է դառնա անանցանելի, իսկ Արցախը՝ Ազատության խորհրդանիշ:

– Վերջերս «Ռոսիա 1» հեռուստաընկերության հայամետ համարվող մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը որոշ մանրամասներ պատմեց ապրիլի սկզբին Բաքու կատարած իր այցի եւ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին: Այդ հանդիպմանն Ալիեւն ասել է, թե «Պուտինը երբեք չի դավաճանի»: Արցախում հասարակությունն ինչպե՞ս է վերաբերվում ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությանը` հատկապես ապրիլյան պատերազմից հետո:

– Ապրիլը դարձել է ջրբաժան Արցախի ժողովրդի ռուսամետ տրամադրությունների եւ այդ վերաբերմունքի վերագնահատման արանքում: Եթե մինչեւ 2016թ. ապրիլ գրեթե ողջ բնակչությունը համոզված էր, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է եւ թույլ չի տա, որ մեզ վիրավորեն, ապա այսօր գրեթե բոլորը համոզված են մի բանում՝ չի կարելի վստահել Ռուսաստանին. Ռուսաստանը հակամարտությունում իր շահերն է հետապնդում: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ մենք արդեն չենք էլ զարմանում, որ երբեմնի մեր ժողովրդին բարեկամ քաղաքական-հասարակական գործիչները, լրագրողները փոխում են իրենց վերաբերմունքը՝ ելնելով իրենց կամ իրենց երկրի շահերից: Այդ իսկ պատճառով էլ ինձ եւ շատ ուրիշների համար Սոլովյովի հիմնավորումները անակնկալ չէին: Ինձ եւ իմ ժողովրդին չի հետաքրքրում՝ կդավաճանի՞ Պուտինը Ալիեւին, թե՞ ոչ, ինձ հուզում է միայն մի բան՝ ինչպես ամրապնդել մեր ժողովրդի ոգին եւ ուժը, որպեսզի նրանք հեգնանքով արհամարհեն քաղաքական գործիչների նման տատանումները: Մենք պետք է ուժեղ լինենք, մենք պետք է ի վիճակի լինենք վերակառուցել Հայաստանի ողջ քաղաքական համակարգը, որպեսզի այն ծառայի ամբողջ հայ ժողովրդի շահերին եւ ապրի հայ ժողովրդի շահերով: Ես շատ հաճախ եմ մտածում հայ ժողովրդի ֆենոմենի մասին եւ գալիս եմ այն եզրակացության, որ ինչպես հրեաները՝ կրոնի, այնպես էլ մենք գաղափարախոսության վրա հիմնված ազգ ենք: Դրա համար էլ շատ կարեւոր է վերանայել մեր ժողովրդի գոյության եւ զարգացման գաղափարախոսությունը: Բարձր տեխնոլոգիաների աշխարհում, երբ ամեն տարի տեղի է ունենում գիտության եւ տեխնոլոգիայի բեկում, մենք՝ եզակի ինտելեկտուալ գեներ ունեցողներս, կարող ենք դառնալ համաշխարհային քաղաքակրթության լոկոմոտիվ. արդեն այսօր մենք կառուցվածքայնորեն վերածվում ենք ցանցային ազգի: Սա արդեն մեծ առավելություն է` ի համեմատություն ուրիշների: Արագ փոխառում ենք աշխարհում ժամանակակից ամեն ինչ: Այդ պատճառով էլ պետք է մտածել այսպիսի բաների մասին, այլ ոչ թե կենտրոնանալ Պուտինի եւ Ալիեւի հարաբերությունների վրա:

– Այնուամենայնիվ, Սոլովյովի հարցազրույցի մեխն այն էր, որ հնարավոր է դիվանագիտական ճանապարհով փոխզիջում գտնել, եւ դրան կարող է հասնել Ռուսաստանը, Պուտինը կարող է հաշտեցնել երկու ժողովուրդներին: Կարո՞ղ է Պուտինը կամ որեւէ այլ մեկը հաշտեցնել երկու ժողովուրդներին, կամ ասում են` Ղարաբաղի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է, համաձա՞յն եք: – Ես ուզում եմ միանգամից ասել, որ ո՛չ Պուտինը, ո՛չ Թրամփը, ո՛չ Եվրախորհրդի ղեկավարներն ի վիճակի չեն այսօրվա դրությամբ լուծել ադրբեջանա-արցախյան հակամարտությունը: Իհարկե, խնդրի լուծումը միջազգային իրավունքի կոնտեքստում ենթադրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների մասնակցությունը, բայց այսօր խմբի անդամների շահերն այնքան են տարբերվում իրարից, ինչպես նաեւ հակամարտության կողմերինը, որ երկու ժողովուրդների մոտալուտ հաշտեցման մասին խոսելը միամիտ կլինի: Ակնհայտ է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Արցախի ժողովրդի անկախ եւ անվտանգ գոյության իրավունքի միջազգային ճանաչման շրջանակներում: Եվ այդպիսի որոշման երաշխիք կարող է լինել միայն Արցախի ինքնիշխան ժողովուրդը եւ ամբողջ հայությունը: Արցախյան խնդիրը նաեւ ամբողջ հայության հարցն է, որ սփռված է աշխարհով մեկ` միջազգային հանրության մեղքով, որ չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքը նաեւ Արցախի խնդիրն է: Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին հակամարտությունների կարգավորման մեջ, հարկավոր է ավելի ուշադիր ուսումնասիրել Ռուսաստանի վերջին բոլոր գործողությունները հետխորհրդային տարածքում եւ Սիրիայում, որպեսզի մեր հակամարտության կարգավորման մեջ քաղաքավարի կերպով հրաժարվել Ռուսաստանի դերից: Եվ հիշե՛ք, խնդրի լուծման բանալին գտնվում է Արցախի ժողովրդի եւ ամբողջ հայության ձեռքերում:

– Ռուսաստանը վերջերս սկսել է ավելի հաճախ խոսել Եվրասիական միությանը Ադրբեջանի անդամակցության մասին: Նախ` Լավրովը ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում խոսեց այդ մասին, ապա Սոլովյովն ասաց. «Փոխզիջման որոնումը հնարավոր է: Դա կհանգեցնի նրան, որ Հայաստանը դուրս կգա շրջափակումից: Հսկայական ներդրումներ կլինեն Ադրբեջանի կողմից: Կարեւոր է նաեւ, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը կգտնվեն ԵԱՏՄ-ի միասնական տարածքում»: Հնարավո՞ր է Ռուսաստան-Ադրբեջան համաձայնություն ԵԱՏՄ-ին անդամակցության դիմաց` Ղարաբաղի բանաձեւի շրջանակներում:

– Ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու հարցը կառուցվում է Ադրբեջանի՝ իր շահերին համապատասխան, Արցախի խնդրի լուծման պայմանի հիման վրա: Ռուսաստանի համար չափազանց կարեւոր է Ադրբեջանի մուտքը այդ միություն, քանի որ Ռուսաստանը մի շարք միջազգային ծրագրերի վերահսկողություն կստանա, որի մեջ ներգրավված է Ադրբեջանը: Եվ, հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության խոցելի վիճակը, հատկապես լեգիտիմության եւ վստահության հարցերում, ինչպես նաեւ անմխիթար սոցիալ-տնտեսական վիճակը, դժվար չէ ենթադրել, որ Ռուսաստանի ղեկավարությունը ունի ճնշում գործադրելու լծակներ Հայաստանի ղեկավարության նկատմամբ եւ կարող է վախեցնել` քայլեր ձեռնարկել, որոնք հայության ազգային շահերին կհակասեն: Բայց ապրիլը դաս էր նաեւ Հայաստանի ղեկավարության համար: Ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք չի կարող Ռուսաստանի ուզածով շարժվել: Մենք ենք տերը մեր հողի եւ ինքներս պետք է որոշենք մեր ապագան: Ռուսական կեղտոտ ծրագիրը ապրիլին կանգնեցրին մեր քաջարի 18-20 տարեկան տղաները: Այսօր մեր բանակն այնքան ուժեղ է, որ ոչ մի ուժ չի կարող ստիպել մեզ մեր ընտրած ուղուց շեղվել: Ճանապարհը մեկն է՝ կառուցել անկախ, ապահով, բարեկեցիկ պետություն: Եթե Ռուսաստանը եւ այլ երկրներ, նույնիսկ Ադրբեջանը պատրաստ են անկեղծորեն օգնել մեզ այդ հարցերում, ապա մենք կարող ենք համագործակցել նրանց հետ:

– Պարոն Օհանջանյան, Դուք խաղաղասիրական հսկայական աշխատանք եք իրականացրել դեռ պատերազմի տարիներից սկսած: Բաքվում գործում է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հարթակ», որին մի քանի` Հայաստանի հասարակությանն անհայտ հայեր են միացել, ինչպե՞ս եք այդ հարթակին վերաբերվում, եւ առհասարակ ինչպե՞ս ստացվեց, որ այն ադրբեջանցիները, ովքեր տարիներ առաջ Հայաստան էին երբեմն ժամանում` միջազգային կոնֆերանսների մասնակցում հայերի հետ, նրանք Ադրբեջանում հայտնվեցին բանտերում, երկրից ուղղակի փախան, բայց տարիներ անց Բաքվում «խաղաղասիրական» հարթակ սկսեց գործել, որն արդեն վայելում է իշխանությունների վստահությունը:

– 90-ականների ռազմական գործողությունների ժամանակ մտավորականների շարժումը ի հայտ է եկել որպես Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ինտելեկտուալների ցանկություն` վերջ դնել արյունոտ պատերազմին եւ սկսել Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղիներ: Հարկ է նշել, որ մինչ այն ժամանակ խաղաղասերներին շատ բան հաջողվեց անել, որոնք հաճախ վեր էին կառավարությունների ուժերից: Հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակության փոխգործակցության շնորհիվ հաջողվեց լուծել բազմաթիվ հումանիտար հարցեր, ինչպիսիք են քաղբանտարկյալների եւ պատանդների ազատ արձակումը, անհայտ կորած անձանց որոնումները, պատերազմի ժամանակ վիրավորների վերականգնողական աշխատանքները եւ այլն: Թվում է, որ այն ժամանակ հակամարտող կողմերի իշխանությունները հակված էին նպաստել քաղաքացիական հասարակության գործունեությանը՝ ուղղված հակամարտող կողմերի միջեւ կամուրջների, վստահության հաստատմանը: Այսօր իրավիճակն այլ է. առաջին հերթին դա կապված է Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղասիրական նախաձեռնությունների վերաբերմունքի հետ: Նրա վերաբերմունքը արդեն քննադատվել է միջազգային միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից եւ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման շուրջ ստեղծեց բացասական ֆոն: Այլախոհների հալածանքներից խուսափելու համար, ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւը հավանություն է տվել, այսպես կոչված, Բաքվի` լայնորեն գովազդված այդ հարթակին: Ավելին, ամեն ինչ արվում է ներկա խաղաղասիրական նախաձեռնությունը փոխարինել իրենց ժողովրդին դավաճանողների հետ՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում բոլորովին անհայտ անհատներով: Ես կարծում եմ, որ Հայաստանում ավելի մեծ նշանակություն են տալիս այդ խմբին: Նրանց պարզապես պետք է անտեսել, քանի որ նրանցից եւ ոչ մեկը չունի սոցիալական կամ քաղաքացիական բազա: Բաքվի պլատֆորմի առկայությունը խաղաղասիրական գործընթացի լճացման հաստատումն է, որը երկար տարիներ իրականացվել է միջազգային միջնորդների աջակցությամբ, դոնորների գումարով: Ասածիս հաստատումն է 2016թ. ապրիլին Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ արձագանքի բացակայությունը եւ Ադրբեջանի միջազգային իրավապաշտպանների եւ խաղաղասիրական նախաձեռնության ներկայացուցիչների կողմից լռությունը՝ զոհված հայ զինվորների դիակների նկատմամբ ծաղրանքի, անարգանքի փաստերի առիթով:

– Լեւոն Տեր-Պետրոսյանն ԱԺ ընտրություններից առաջ ներկայացրեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խաղաղության ծրագիրը: Նրա որոշ թեզերի վերաբերյալ հետաքրքիր է Ձեր դիրքորոշումը` հիմա, երբ ընտրություններն անցյալում են: Հայաստանի պատրաստակամության բացակայությո՞ւնն է պատճառը, որ ԼՂ կարգավորման բանակցությունները փակուղում են, Հայաստա՞նը պետք է քայլ անի:

– Ես մանրամասն ուսումնասիրել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա գլխավորած քաղաքական կազմակերպության՝ Կոնգրեսի առաջարկները: Անմիջապես նշեմ, որ զգացի ոչ միայն ոչ հարգալից վերաբերմունք այդ մարդու նկատմամբ, որը ղեկավարել է Հայաստանը, այլեւ մեկ անգամ եւս համոզվեցի, թե որքան ճիշտ էին նրանք, ովքեր պայմաններ են ստեղծել նրա վաղ հրաժարականի համար: Ի դեպ, իմ առաջին հայտնի` «Նոյյան տապան» գործակալությանը տված հարցազրույցներից մեկում դեռ այն ժամանակ պահանջեցի նրա հրաժարականը եւ հպարտ եմ, որ մասնակցել եմ այդ գործընթացին: Թեեւ հանուն արդարության պետք է նշել առաջին նախագահի բացառիկ անուրանալի դերը Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ մեր ընդհանուր հաղթանակի գործում: Ցավոք, Ղարաբաղյան հակամարտության լուծման նրա ծրագրի հետագա տրանսֆորմացիան առաջ քաշեց Հայաստանում համակարգային ճգնաժամի խնդիր, որի բացասական հետեւանքները դեռեւս, ցավոք, ազդեցություն են ունենում Հայաստանի ու Արցախի բոլոր ոլորտների կենսունակության վրա: Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում նպատակաուղղված էր հայ հասարակության մեջ պարտվողական տրամադրություններ արթնացնելուն: Իմ խորին համոզմամբ՝ դա արդեն խոսքի ազատություն չէ, այլ ոչ այլ ինչ է, եթե ոչ բռնություն Հայաստանի Սահմանադրության հանդեպ, հետեւաբար նրա հարցով պետք է զբաղվեն իրավասու իրավապահ մարմինները: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, իհարկե, այն փակուղում է, եւ միակ բանը, որ պահանջվում է Հայաստանից, դուրս գալ բանակցային գործընթացից: Հայաստանը պետք է հայտարարի, որ հակամարտությունը Արցախի ու Ադրբեջանի միջեւ է, այնպես որ, կարգավորման գործընթացի շուրջ բանակցությունները պետք է ընթանան Արցախի ու Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջեւ, այն էլ միայն Ադրբեջանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու դեպքում: Ռազմական գործողությունների հետեւանքով առաջացած մյուս բոլոր հարցերը կարող են համաձայնեցվել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի` անկախ ապրելու իրավունքը ճանաչելուց հետո:

– Տեր-Պետրոսյանը նաեւ ասաց, որ «տարաձայնությունները մեկ-երկուսն են» մնացել: Արցախի իշխանությունները մշտապես հայտարարում են, որ առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ քննարկել Արցախի կարգավիճակը: Ե՞րբ է Արցախը նստելու բանակցությունների սեղանի շուրջ, եւ Ձեր տպավորությամբ՝ որո՞նք են զիջումները, որոնք Արցախի իշխանությունները կարող են քննարկել Ադրբեջանի հետ:

– Ի սկզբանե բանակցային գործընթացում տարաձայնությունները եղել են 2-3 հարցերի շուրջ՝ կարգավիճակ, տարածքների հարց եւ փախստականների վերադարձ: Սրանք են այն հարցերը, որոնց շուրջ հայկական կողմը երբեք չի գնա փոխզիջման: Բնական է նաեւ, որ բանակցությունների պատասխանատվությունը պետք է կրի ոչ թե հայկական կողմը, որ հակամարտության շահագրգիռ կողմ է, այլ բանակցություններում պետք է հավասար պայմաններով մասնակցեն Արցախի իշխանությունների ներկայացուցիչները եւ դրա համար պատասխանատվություն ստանձնեն: Իմ կարծիքով՝ բանակցությունները պետք է իրականացվեն բացառապես Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման շուրջ:

– Եվ հետաքրքիր է Ձեր կարծիքը` ապրիլյան պատերազմից հետո Մադրիդյան սկզբունքները կենսունա՞կ են:

– Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, ապա ապրիլը ցույց տվեց փաստաթղթի կենսունակության նշանների բացակայությունը, որի վրա անպտուղ չարչարվել են ինչպես հայկական անփառունակ դիվանագիտական ծառայության բաժինը, այնպես էլ միջազգային միջկառավարական կազմակերպությունները, որոնք ցույց տվեցին իրենց ոչ պիտանելիությունը պատերազմը կանխելու կարողության հարցում: Արցախցիների համար Մադրիդյան սկզբունքներն այսօր վերափոխվել են այս համոզման` մեր բանակի մարտունակության բարձրացման անհրաժեշտության եւ մեր ժողովրդի կենսունակության սկզբունքներով:

Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan